2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԱԼԻԵՎՆԵՐԻ ԿԼԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՐ ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»

«ԱԼԻԵՎՆԵՐԻ ԿԼԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՐ ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
19.11.2010 | 00:00

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է, ինչը հիմք է տալիս որոշ վերլուծաբանների և քաղաքական գործիչների պնդելու, թե հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, տարածքների հանձնում և այլն: Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:
-Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել, հոխորտալ, թե պատրաստվում են գրավյալ տարածքները հետ վերադարձնել և այլն: Այս ամենին միջազգային հանրությունը չի արձագանքում: Ինչո՞ւ:
-Որոշակի արձագանքներ լինում են, բայց պիտի հաշվի առնել, որ Ադրբեջանն ավելի քան տասնհինգ տարի տեղեկատվական դաշտում արդյունավետ աշխատանք է տանում ու կարողացել է կարծիք ձևավորել, թե Հայաստանն ագրեսոր երկիր է, իր հողերն էլ զավթված են: Սակայն սա աշխարհում միանշանակ չի ընդունվում: Այս իրավիճակի պատճառը մեր դիվանագիտական թերացումներն են:
-Փաստորեն, քարոզչության հարցում Հայաստանն էականորեն զիջո՞ւմ է Ադրբեջանին:
-Մինչև վերջին մեկ տարին մենք շոշափելիորեն զիջում էինք այս հարցում, միայն այս տարի է, որ ծավալուն աշխատանքներ են սկսվել՝ փորձելով ցույց տալ ղարաբաղյան պատերազմի իրական էությունը, այսինքն՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հասնելու համար հրահրված ռասիստական պատերազմ:
-Քննարկման հարց է նաև ռազմական գործողությունների վերսկսումը: Դա հավանական համարո՞ւմ եք:
-Ես նման հավանականություն չեմ տեսնում, որովհետև տարածաշրջանի ոչ մի երկրի, այստեղ շահեր ունեցող գերտերությունների համար դա ձեռնտու չէ: ԱՄՆ-ին ձեռնտու չէ ռազմական գործողությունների սանձազերծումը, քանի որ արդյունքում տարածաշրջանում կտրուկ կարող է բարձրանալ Ռուսաստանի ազդեցությունը: Ռուսաստանին ևս ձեռնտու չէ, որովհետև իր առջև ընտրության հարց է դրվելու՝ օգնել իր դաշնակցի՞ն, չեզո՞ք մնալ, թե՞ օգնել Ադրբեջանին: Ցանկացած ընտրություն խնդրահարույց է: Վրաստանի համար էլ այս տարածաշրջանում պատերազմի վերսկսումը ցանկալի չէ, որովհետև հնարավոր է ապակայունացում նաև Վրաստանում: Իրանը ևս այս հարցում շահագրգռված չէ, որովհետև հնարավոր է, որ այդ հանգամանքից օգտվեն այլ տերություններ՝ առաջ քաշելով իրանական խնդիրը: Թուրքիան ևս չի ցանկանում դա, քանի որ իր առջև խնդիր է դրվելու՝ մտնել պատերազմական գործողությունների մե՞ջ, թե՞ մնալ չեզոք. երկու դեպքում էլ ծանր հետևանքներ կարող են լինել: Եվ ամենակարևորը. պատերազմի վերսկսումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերից: Ստեղծվել է ստատուս քվոյի մի վիճակ, որի պահպանումը ձեռնտու է բոլոր կողմերին, նախ և առաջ` Ադրբեջանին: Գոնե նոր տարածքներ կորցնելուց ապահովագրված կլինի:
-ՈՒրեմն ինչո՞վ բացատրել Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը, բանակի սպառազինումը, ընդ որում, նաև վերոհիշյալ պետությունների մի մասի կողմից, ինչպես նաև պատերազմական գործողություններին նախապատրաստվելը:
-Ալիևների կլանը դարձել է իր իսկ քաղաքականության պատանդը: Նա ոչ միայն միջազգային հանրությանը, այլև սեփական ժողովրդին է համոզել, որ պարտության արդյունքում հողեր է կորցրել, ուստի պարտադրված է խոստանալ ժողովրդին, որ վերադարձնելու է դրանք, այլապես վաղուց կորցրած կլիներ իշխանությունը: Այս ամենը պայմանավորված է իշխանությունը պահելու մոլուցքով: Իսկ հողերը հետ վերադարձնելու համար պետք է սպառազինվել, ռազմական ծախսերը մեծացնել: Դա շահավետ բիզնես է, իսկ միջազգային կառույցները կանխարգելման, ուղղորդման որևէ գործուն մեխանիզմ չունեն, չնայած կան բազմաթիվ որոշումներ, պայմանագրեր և այլն:
-Բոլոր դեպքերում, սպառազինված թշնամին վտանգավոր է, չէ՞ որ պարիտետը խախտվում է:
-Պարիտետը պիտի դիտարկել կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների դիտանկյունից: Այս բալանսը երբեք չի կարող խախտվել հօգուտ Ադրբեջանի, նույնիսկ եթե Թուրքիայի հետ միասին լինեն: Այնպես որ, ինչքան շատ փող հատկացնի Ադրբեջանն իր ռազմական ծախսերին, այնքան մեծ վնաս կհասցնի սեփական ժողովրդին: ՈՒրախ կլինեմ, եթե Ադրբեջանը տասն անգամ ավելացնի իր ռազմական բյուջեն: Թող ամբողջ փողը տրամադրի զենք գնելուն, ինչը պարզապես մեռած կապիտալ է այդ երկրում: Պատերազմ վերսկսելու համար միայն զենք չէ, որ հարկավոր է: Նախ մթնոլորտ է պետք, ոգի ու զոհվելու պատրաստակամություն, ինչն Ադրբեջանում այսօր չկա ու չի լինելու, որովհետև դա բազմազգ երկիր է: Այդ ժողովուրդները դեմ են պատերազմին: Այս հարցում Հայաստանը խնդիր չունի: Մենք խնդիր ունենք մեր երկրի ներսում՝ պետության հզորացում: Հայաստանն իր էությամբ ու բովանդակությամբ պիտի դառնա ազգային պետություն, ասել է՝ սահմանադրական, իրավական երկիր, որը գործում է ազգային գաղափարի ու ծրագրի շրջանակներում: Դա փիլիսոփայական կատեգորիա չէ: Շատ կոնկրետ է: Դա վերականգնված Շուշին է, վերականգնված Զվարթնոց տաճարը և Ամբերդը, ամուր, շենացած ու հարուստ հայկական սահմանամերձ գյուղերը, սոցիալական արդարությունը, հայ մարդու հավատը վաղվա օրվա հանդեպ հաստատելն է, ինքնաբավ պարենային անվտանգության հասնելն է… Երբ Հայաստանը դառնա այսպիսին, մենք կունենանք միայն ներգաղթ ու ոչնչից վախենալու խնդիր չենք ունենա: Իսկ Ադրբեջանը դեռ պիտի կարողանա իր ներքին խնդիրները լուծել:
-Շփման գծում հրադադարի խախտման պարբերականության մեծացումը պատերազմի մթնոլորտ չի՞ ստեղծում:
-Իշխանությունը պահելու համար Ալիևին պետք է ռազմաշունչ հիստերիա։ Սա քաղաքական խնդիր է, ու նա շատ լավ դա կատարում է: Այս ամենից չպիտի զարմանալ ու ենթադրություններ անել, որ եթե երեկ շփման գծում երկու դեպք է եղել, այսօր` վեց, մենք գնում ենք պատերազմի:
-Սակայն այդ հիստերիան թույլատրելիի սահմանը վաղուց հատել է, Ալիևի հոխորտանքն այն աստիճանի է հասել, որ պատմական փաստերը խեղաթյուրելու ճանապարհն է բռնել:
-Ժամանակին Ադրբեջանում կար մի գործիչ, որը հոխորտում էր, թե շուտով Սևանում ոտքերն է լվանալու: Բայց ստացվեց այնպես, որ մենք, բարի կամք դրսևորելով, չգնացինք Կասպից ծովում մեր ոտքերը լվանալու: Հիմա էլ թող խոսի: Ընդամենը մի քանի ամիս առաջ նման սպառնալիքներ հնչում էին նաև Թուրքիայից: Այսօր դա չկա, քանի որ քաղաքական շահերն այլ բան են թելադրում: Պատերազմի չվերսկսումը Ադրբեջանի կողմից մի բան է, Հայաստանի համար պատերազմից խուսափելը` մեկ այլ բան: Որպեսզի պատերազմ ընդհանրապես չլինի, կա երկու ճանապարհ՝ միշտ դրան պատրաստ լինել, կամ պատրաստ լինել հանձնվելու, ինչը բացառված է: Միշտ պատրաստ լինելն էլ ենթադրում է, ինչպես նշեցի, ազգային պետության ստեղծում: Իսկ պատմական ճշմարտության խեղաթյուրման հարցում նրանք միշտ էլ ջանասեր են եղել:
-Առաջիկայում նախատեսված է հանդիպում Աստանայում, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ, փաստաթուղթ կստորագրվի՞:
-Իհարկե, կստորագրվի: Չի լինում մի հանդիպում, որ որևէ բան չստորագրվի, բայց դա կլինի, ասենք 126-րդը, 127-րդը:
-Բանակցությունների ընթացքը Ձեզ ի՞նչ է հուշում. կհաջողվի՞ առաջիկայում ինչ-որ հանգուցալուծման հասնել:
-Ղարաբաղի հարցն իր լուծումը գտել է, այլ լուծման կարիք չունի: Մնում է Ղարաբաղը բնակեցնել, զարգացնել: Ղարաբաղը վաղուց անկախացել է, ունի իր սահմանադրությունը, ընտրություններ է անցկացրել, արդեն տասնվեց տարի իր պետական կառավարման համակարգով գոյություն ունի, ծիծաղելի է ասել, թե նման պետություն չկա: Վաղ թե ուշ այս փաստի հետ հաշվի են նստելու: Խնդրի արհեստական արագացումը չի կարող լավ հետևանք ունենալ:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ